2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում ֆուտբոլի Հայաստանի ընտրանին արտագնայում մրցեց Դանիայի հավաքականի հետ: Անկախ հիմնավոր լինել-չլինելուց՝ մարզասերներիս նախախաղյա սպասումները մեծ էին, ու ամեն մեկս իր հիշողության կարելիության սահմաններում անցյալում կողմերի ունեցած հանդիպումների մեջ լուսավոր բաներ էր փնտրում՝ հատկապես սևեռվելով, հիշում եք, տպավորիչ 4:0-ի վրա:
Առաջին խաղակեսի զրոյական ոչ-ոքին հաշվի առումով որքան էլ հուսադրող, այդուհանդերձ ծանր շնչով մարսեցինք, քանզի դիմացը ամբողջ քառասունհինգ րոպեի տագնապը մնում էր: Երկրորդի սկզբին մեր հրաշք Հենրիխի գոլը հույսի մեծ ալիք բարձրացրեց, սակայն, ավաղ, հետևած պատասխանը չթողեց մնալ ոգևորության նույն զգացողության վրա, իսկ մեր դարպասի երկրորդ գրավումն ամեն ինչ գցեց տեղը, ու հերթական անգամ հասկացանք, որ որքան էլ կոնկրետ անհատի դերը մեծ է, սույնով հանդերձ այդ վճռական անհատը թիկունքում պիտի շունչ ունենա, եթե ոչ իր պես համարժեք ուժով գործող, ապա գոնե նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու կազմակերպվածությամբ:
Իհարկե, կոնկրետ այս ժամանակահատվածի համար մեր ընտրանին, ի դեմս վնասվածքներ ունեցող Յուրա Մովսիսյանի ու Արազ Օզբիլիսի, լուրջ կադրային խնդիրներ ունի, և միանգամայն հասկանալի է, որ այս եռյակին ում էլ տաս, չեղած տեղն էլ մի բան կմոգոնի, բայց որքա՞ն կարելի է ապրել այդպես էլ լրջորեն չհասունացող, հասակ չառնող մնացածներով: Ի դեպ, սա հայկական ֆուտբոլի անդարման ցավն է, որն այդպես էլ լուծում չի գտնում զուտ անգրագետ, ապաշնորհ կառավարման հետևանքով:
Ինչ վերաբերում է Դանիա-Հայաստան կոնկրետ խաղին, բախտներս բերեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը չշարունակեց Լատվիա-Հայաստան ընկերական խաղի իր ու մեզ համար նորամուծությունը՝ երեք կենտրոնական պաշտպանով խաղալը, այլապես տարիների վաստակ ու հեղինակություն ունեցող խեղճ Բերեզովսկուն վերջնականապես խայտառակ կանեինք իր քառասունում: Շալանդի հետ կապված՝ այսպես ենք ասում ոչ նրա համար, որ երեք պաշտպանով խաղալն անարդյունավետ մարտավարություն է, այլ նրա, որ դրա համար համապատասխան ուժ ու կարողություն պիտի ունենաս, մինչդեռ ի՜նչ երեք կամ երկու, երբ եվրոպական մակարդակի մի կարգին կենտրոնական էլ չունենք: Ինչևէ: Ահա այսպիսի տխուր բաներ հայկական ֆուտբոլից, որը միայն ցնցակաթվածով կարելի է բուժել:
Ինչ վերաբերում է Շալանդին, նա բնականաբար դարձյալ գոհ էր թիմի խաղից ու նույնքան բնականաբար շարունակում է փիլիսոփայական իր մտավարժանքները, որոնց համար ավելի քան պարարտ հիմք են ոչ միայն բարեբեր հայկական հողը, այլև նույնքան բարեբեր հայկական ֆուտբոլն իր էկզոտիկ ֆեդերացիայով, դրա գլխին կանգնածով, իսկ Շալանդի փիլիսոփայական մտասևեռումները հաստատեմ մեջբերումով. «Երբ դու չես կարողանում պահել գնդակը, մրցակիցն անընդհատ գալիս է, գալիս է»: Հատկապես խնդրում եմ ուշադրություն դարձնել «գալիս է» բառի կրկնօգտագործման վրա, որտեղ, սարսափից զատ, այնքա՜ն տարբեր զգացողություններ են ամբարված:
Այսքան բան:
Օրվա պաշտոնական խաղերից նշենք, որ նույն 2:1 հաշվով Գերմանիայի ընտրանին հաղթել է Շոտլանդիայի ընտրանուն, վրացիներն ու հունգարացիները տանը զիջել են իռլանդացիներին ու հյուսիսային իռլանդացիներին: Սեփական հարկի տակ պարտվել են նաև պորտուգալացիները, հույները, ֆարերցիները, ջիբրալթարցիները. առաջինն ու երկրորդը նվազագույն հաշվով զիջել են ալբանացիներին ու ռումինացիներին, երրորդը պարտվել է ֆիններին (1:3), չորրորդը յոթ անպատասխան գնդակ է ընդունել լեհերից: Ընկերական խաղում սերբերն ու ֆրանսիացիները մեկմեկուց բաժանվել են մեկական գոլ խփած:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ